«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»  նախաձեռնությունը հանդես է  եկել նոր հայտարարությամբ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների մասին Հայաստանի կառավարության օրինագծի լրամշակված տարբերակի կապակցությամբ, որում նշում է, թե անօրինական է սահմանափակել մասնավոր դպրոցների թիվը: Որպես փաստարկ նրանք բերում են այն, որ ցանկացած ձեռներեց կարող է դիմել միջազգային դատարան եւ պահանջել նոր դպրոցների բացման իրավունք: Ըստ նրանց` սահմանափակումը խտրականություն է առաջացնում նաեւ ՄԱԿ-ի` կրթության բնագավառում խտրականությանն դեմ կոնվենցիայով սահմանված` բոլորի համար միջնակարգ կրթության տարբեր ձեւերի հասանելիություն ապահովելու առումով:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամների համոզմամբ, օտարալեզու դպրոցներ պետք է ընդհանրապես չլինեն, կամ լինելու դեպքում, հնարավոր չի լինի սահմանափակել դրանց թիվը, քանի որ դրանք հակասության մեջ են մտնելու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ:

Նախաձեռնության անդամների կարծիքով, բացվելիք օտարալեզու դպրոցների թվի սահմանափակումը իշխանություններն այս պահին օգտագործում են որպես նպաստավոր փաստարկ: «Սակայն վաղն այն ական է դառնալու հայալեզու կրթության համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հասարակական նախաձեռնության անդամներն առաջարկում են բացել Դիլիջանի միջազգային դպրոցը եւ այն օգտագործել բացառապես արտասահմանցիների համար, որը չի արգելվում օրենքով: Նրանց հավաստմամբ, սա նախադրյալ կլինի, որպեսզի Միջազգային բակալավրիատի կազմակերպությունը Հայաստանի ԿԳՆ-ին հնարավորություն տա կատարել Դիմպլոմային ծրագրի լիակատար հայացում:

«Դրանից հետա Դիպլոմային ծրագիրը հայերենով հասանելի կլինի բոլոր դպրոցների համար, առանց լեզվի օրենքի խախտումների: Միջազգային ծրագրերը կարող են մտնել Հայաստան առանց «Լեզվի մասին » եւ «հանրակրթության մասին» օրենքների փոփոխության»,-նշված է հաղորդագրության մեջ::