«Ընդդեմ ՀՀԿ-ի ապօրինությունների» ՀԿ-ն հայտարարություն է տարածել Երեւանում տեղի ունեցած ԵԽ «Հանուն  ժողովրդավարության  ապագայի» ԵԽ ֆորումի  արդյունքների վերաբերյալ, որտեղ խիստ քննադատության է ենթարկել եվրոպական այդ կառույցի կեցվածքը:

Հայտարության մեջ մասնավորապես, ասվում է.

«Հանուն  ժողովրդավարության  ապագայի» ԵԽ հայաստանյան ֆորումի հակաժողովրդավարական  կազմակերպումը եւ, այդ  շրջանակներում,  ԵԽ  Գլխավոր  քարտուղարի  լպրծուն մեկնաբանությունները  Հայաստանի  ժողովրդավարության  մասին, ավելորդ  անգամ  հաստատեցին համահայկական ներուժի  օգտագործման  անհրաժեշտությունն` ընդդեմ  ընտրահանցագործների, այդ թվում, միջազգային:

Մասնավորապես, ինչ  կարելի է սպասել մի կազմակերպությունից`

1. որի  բարձրաստիճան  պաշտոնյաները  «դանդաղ»  ժողովրդավարական  են  համարում  մեր  երկրին, որն  անթաքույց  շարունակում  է  խորանալ  կլեպտոկրատիայի  մեջ`

- նախարարությունները հակասահմանադրական կերպով «սեփականաշնորհվում» են իշխանական  կուսակցություններին,
- բարձրաստիճան  պաշտոնյաները, այդ  թվում, պատգամավորները հակասահմանադրական կերպով զանգվածային կերպով զբաղվում են ձեռներեցությամբ,  
- բարձրաստիճան  պաշտոնյաները, այդ  թվում, զինծառայողները հակասահմանադրական կերպով մասնակցում են ընտրական գործընթացներին,
- երկրում առկա են քաղբանտարկյալներ,
- մարդկանց զրկում են սեփականության  իրավունքից:

2. որը  չի  ցանկանում  Հայաստանի վերաբերյալ  իր  որոշումներն  անգամ  իրականացնել,

3. որի Եվրոդատարանը հրաժարվում է քննել հայաստանյան բուն ընտրական  գործընթացների  վերաբերյալ  գործեր,

4. որի  Վենետիկի հանձնաժողովը պարբերաբար կնքում է  ՀՀ  «իշխանությունների»  ընտրական  թերի օրենսգրքեր,

5. որի Գլխավոր քարտուղարի ներկայացուցչությունը Հայաստանում բացահայտորեն  չի կատարում իր գործառույթները,

6. որի ընտրադիտորդները  շարունակում են ոտնահարել ԵԽ հիմնարար  փաստաթղթերը եւ, որպես հետեւանք, հայաստանցու  ընտրական իրավունքը,

7. որի ՀՀ համազեկուցող է նշանակվել անհավասարակշիռ, եւ, անգամ, իր երկրում    ծաղրուծանակի ենթարկված  մեկը,

Մենք  ցանկություն  չունենք  համեմատվել  որեւէ  այլ  «անցումային» երկրի  հետ  եւ, այդ իմաստով, կառուցել մեր ժողովրդավարությունը: Մենք ունենք բոլոր հնարավորությունները իրավական ժողովրդավարության համար եւ, այդ ուղղությամբ  դեռեւս  1990թ.-ին անցկացրել  այնպիսի    ընտրություններ, որին  կնախանձեին ե՜ւ Նորվեգիայում,  ե′ւ ԵԽ անդամ ցանկացած երկրում:

Ցավոք, չկարողացանք պահպանել  այդ արժանավայել ձեռքբերումները եւ ակնհայտ  կորուստներ ենք շարունակում ունենալ, հատկապես, ԵԽ-ին անպատրաստ  անդամագրվելու  հետո: Մեզ համառորեն խանգարում  են:

Ափսոսանքով պետք է  նշենք, որ միջազգային կազմակերպությունների կողմից մեր  երկրի ներքին կյանքին միջամտելու դեմ դժգոհությունը զանգվածային ձեւով պետք  է  արտահայտեինք դեռեւս  2005թ.-ի սահմանադրական հանրաքվեից հետո, երբ ԵԽ  դիտորդական առաքելություն  կոչվող, բառիս բուն իմաստով, հանցավոր խումբը, ոտնահարելով միջազգային բոլոր նորմերը, հավերժացրեց հայաստանցու կողմից  դեմ քվեարկած սահմանադրության նախագիծը:  

Ավելին, մենք դա չարեցինք նաեւ 2008թ.-ի  ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ:  

Բայց, ինչպես  ասում  են, «ուշ  լինի, նուշ լինի»:

«Զեհեները» մինչեւ ԵԽ գլխավոր քարտուղար, վարձատրվում են նաեւ մեր հաշվին եւ  պարտավոր են հաշվի առնել /կատարել/ մեր` հայաստանցիներիս պահանջներն ու առաջարկությունները:

Սակայն, «մարտի 1»-ը  եւ  նրա  հովանավորությունը  Հայաստանի  թափթփուկների   աջակից  միջազգային կազմակերպությունների  եւ  գործիչների  կողմից, ցույց  են  տալիս  նաեւ, որ  այսօր  ազգանվեր ողջ  հայությունը  պետք  է  ոտքի  կանգնի  պաշտպանելու մեր Հայրենիքը ընտրահանցագործներից եւ նրանց աջակցող   միջազգային կրիմինալից:

Կյանքն է ցույց տալիս, որ այլ ճանապարհ Հայաստանի ապագան այսօր  չունի»: