Հայ արիական միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է իր հետ պատահած վրաերթին, որը նա համարում է մահափորձ: Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է.
«2009թ. մայիսի 4-ին իմ դեմ իրականացվեց հերթական մահափորձը:
Այդ մասին ՀԱՄ հայտարարությանը հետեւեց ոստիկանության համապատասխան բաժնի` իմ նկատմամբ կատարված, իբր, վրաերթի մասին հաղորդագրությունը:
Կազմված քրեական գործը բավականաչափ անփույթ եւ հակասական էր, ինչի մասին բազմիցս խոսել եմ գրեթե 1 տարվա ծանր ապաքինումից հետո:
Ես դեռ բժիշկների հսկողության տակ էի, երբ ինձ «վրաերթի» ենթարկելու փաստի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցված քր.գործի վարույթն էլ կարճվեց Համաներման մասին օրենքի կիրառմամբ:
Իսկ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում կազմված քր.գործում (որի պատճենն ունեմ) այդպես էլ հիմնավորված չէ այսպես կոչված վրաերթի փաստը, քանի որ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մ. Օհանյանի պաշտոնական գրության համաձայն, այդ «վրաերթի» տեղում, եւ այդ օրն ընդհանրապես վրաերթ կամ վթար չի գրանցվել, առավել եւս ինձ հետ: ՀԱՄ կենտրոնական գրասենյակն այդ փողոցում է, եւ տարածքի բնակիչները լավ են ճանաչում ինձ, ու որեւէ վկա չի հայտնաբերվել ոստիկանների կողմից (իհարկե նաեւ մեր), ով ինձ տեսած լիներ «վրաերթված»:
Այնուամենայնիվ, որոշեցի դիմել դատարան` ինձ պատճառած վնասների փոխհատուցման համար, որը քիչ չէ: Դատարանը բողոքն ընդունել է ե՜ւ ընդդեմ Շողակաթ Ամիրխանյանի ե՜ւ նրա տնօրինման տակ գտնվող «Սիթի Քեբ» ՍՊԸ-ի (որի ավտոմեքենայով էլ իբր եղել է վրաերթը): Նաեւ հարկադիր կատարման որոշումներ են եղել` պարտապանի գույքի վրա արգելանք դնելու, պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու եւ պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասով: Սակայն այն հասցեներում (ք. Երեւանում), որոնք ոստիկանությունում նշել էր Շ. Ամիրխանյանը, ոչ ինքը հայտնաբերվեց, ոչ էլ իր ՍՊԸ-ն: Եվ առ այսօր չեն հայտաբերվել:
Իմ նախկին կասկածները, թե այս տարօրինակ վրաերթի տարօրինակ մեղավորը կասկածելի է, եւ մտահոգություն ունեմ, որ նա ինչպես հայտնվել է, այնպես էլ կկորի: կարծես թե իրականանում են:
Տեսնելով, որ դատարանն ի վիճակի չէ գտնել Շ. Ամիրխանյանին եւ նրա ՍՊԸ-ն, ես դիմեցի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որպեսզի միջամտի, որ այս տարօրինակ անհետացումները պարզաբանվեն, քանի որ այսպես կոչված մեղադրյալը կորել է, կամ կորցրել են:
Քանի որ այլեւս վստահ չեմ, որ իմ դեմ հերթական ոտնձգություն անողը կգտնվի ու կպատժվի, այժմ, այս հայտարարությամբ, դիմում եմ բոլոր պատկան մարմիններին, պատասխանատուներին, լրատվամիջոցներին եւ շահագրգիռ կողմերին` օգնել ինձ, որպեսզի որոշակի հայտնված եւ անորոշ կորած մեղադրյալը ու նրա պատվիրատուն հայտնաբերվեն, եթե իհարկե մեղադրյալը նպատակայնորեն ներդրված չէր որպես այդպիսին, եւ այդ հողի վրա էլ անհետացած չէ»:




























