Նորաստեղծ «ԱրմՌոբոտիքս ակումբ»-ի առաջին հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Շուրջ երեք ժամ տեւած ակումբի հանդիպումը, մասնակիցների բազմաթիվ հարցերն ու բուռն քննարկումները խոսում էին այն մասին, որ ակումբը իսկապես սպասված էր երիտասարդների շրջանում:
«Արմռբոտիքս»-ի մենեջեր Մարիամ Նահապետյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ակումբը չունի որեւէ նախագահ կամ հիմնադիր, այն ազատ հարթակ է, եւ ակումբի հանդիպումներին կարող են մասնակցել ռոբոտաշինությամբ հետաքրքրվողներն եւ ազատ հաղորդակցվել միմյանց հետ:
«Նման ակումբ ստեղծելու միտքը վաղուց կար, քանի որ «Արմռբոտիքս»-ի շրջանակներում մենք պարբերաբար հավաքում էինք մրցույթի մասնակից տարբեր թիմերի, առանձին հանդիպումներ կազմակերպում եւ մտքերի փոխանակում էինք իրականացնում»,- ասաց Մ. Նահապետյանը: Նրա խոսքով` նորաստեղծ ակումբում ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդները մեկտեղ հավաքվելով, ոչ միայն կարող են միմյանց ճանաչել, մասնակցել միջազգային տարբեր մրցույթների, այլեւ հետագայում անգամ միասին բիզնես ստեղծել:
Ակումբում լինելու են ինչպես տարբեր շնորհանդեսներ, այնպես էլ տարբեր բիզնես դասընթացներ, թե ինչպես ստեղծել սեփական բիզնեսը կամ վաճառել սեփական գաղափարը: Ակումբի առաջին հանդիպմանը «Հուրնեթ» ընկերության տնօրեն Արթին Բարսեղյանը ներկայացրեց ռոբոտաշինության զարգացման հեռանկարներն ու տարբեր մրցույթները, իսկ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը խոսեց Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման եւ հեռանկարների մասին:
Նշենք, որ Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը` «ԱրմՌոբոտիքսը» անցկացվում է 2008 թվականից, միջոցառման կամակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: «ԱրմՌոբոտիքսը» համահայկական երիտասարդական մրցույթ է, որտեղ թիմերը մրցում են իրենց կողմից նախագծված եւ պատրաստված ռոբոտներով։




























