Ազգությամբ հայ կնոջ մերկ լուսանկարը սոցիալական ցանցում տեղադրելու եւ նրանից գումար շորթելու գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ գործը մակագրվել է դատավոր Սուրեն Բաղդասարյանին:
Վանաձոր քաղաքի մի բնակիչ արտերկրում գտնվող նախկին ընկերուհուց 2015 թ. դեկտեմբերի սկզբին պահանջել է 600 եվրո՝ սպառնալով հակառակ պարագայում հրապարակել նրա անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ: Վերջինս պահանջը չի կատարել, ինչից հետո նախկին ընկերը «Facebook» սոցիալական ցանցում առանձին էջ է բացել եւ տեղադրել աղջկա մերկ լուսանկարը եւ այն ավելի լայն շրջանակի անձանց հրապարակելու սպառնալիքով դեկտեմբերի 12-ին «MoneyGram» դրամական փոխանցման համակարգով ստացել է 307.068 ՀՀ դրամին համարժեք 600 եվրո:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (Շորթումը՝ անձի մասին արատավորող կամ անձի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:


























