Արմավիրցի 4-ամյա Կարինեի եւ 5-ամյա Էրիկի մահվան համար մեղավոր ճանաչված եւ 3 տարվա ազատազրկման դատապարտված՝ «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի նիստերն անընդհատ հետաձգվում են:

Կարինեի հարազատների ներկայացուցիչ Անի Չատինյանը նիստերի ձգձգման մեջ միտում է տեսնում:

«Ենթադրվում է, որ գոնե նոյեմբերի 11-ին նշանակված դատական նիստը վերջապես կկայանա»,- ասաց Անի Չատինյանը՝ նշելով, որ ամեն անգամ ինչ որ անհասկանալի պատճառով նիստը տեղի չի ունենում:

Վերաքննիչ բողոք են ներկայացրել միայն 4-ամյա Կարինեի հարազատները, 5-ամյա Էրիկի ընտանիքը բողոք չի ներկայացրել:

Նշենք, որ Անի Չատինյանը պահանջում է բեկանել եւ փոփոխել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը եւ որպես պատիժ սահմանել 5 տարի ազատազրկումը՝ բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 3 տարով:

Հիշեցնենք, որ դատարանը «Արմավիր» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), եւ յուրաքանչյուր երեխայի մասով դատապարտել 2 տարվա ազատազրկման, ապա մասնակիորեն գումարելով դրանք՝ վերջնական պատիժ է նշանակել 3 տարի ժամկետով ազատազրկումը:

Բացի այդ՝ դատարանը Անահիտ Պետրոսյանին 1 տարի 5 ամիս ժամկետով զրկել է մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից:

Նշենք, որ ջրաշենցի երեխան հիվանդանոց էր ընդունվել 2015.թ հունիսի 16-ին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր  հաջողվել: Մահվան մեջ երեխայի հարազատները բժշկուհուն են մեղադրում:

Նորապատցի երեխան հունիսի 16-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից աղիքային ինֆեկցիայով ծայրահեղ ծանր վիճակում Երեւան էր տեղափոխվել եւ 18 օրվա կոմայից հետո մահացել: Երեխայի մայրը մահվան մեղավոր է համարում Անահիտ Պետրոսյանին: Նրա խոսքով` Անահիտ Պետրոսյանը երեխային հոգնա է արել, ներարկում, ապա կաթիլային միացրել, որից հետո 5-ամյա Էրիկը միանգամից կոմայի մեջ է ընկել: