Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումից հետո մահացած Նաիրա Աբգարյանի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց մահացած ծննդկանի քույրը, տուժողի իրավահաջորդ Նառա Աբգարյանը։

Քրոջ խոսքով՝ ինքը ստորագրել է, որ արդյունքների մասին չի հրապարակելու։ Առաջիկայում նշանակվելու է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։

Նշենք, որ Նաիրա Աբգարյանի ամուսինն իրավապահ մարմիններին գրավոր հայտնել է, որ ինքը որեւէ բողոք չունի։

«Բողոքում են Նաիրայի բոլոր հարազատները»,- ասաց մահացած ծննդկանի քույրը։

Հիշեցնենք, որ 44-ամյա Նաիրա Աբգարյանը կեսարյան հատումով զույգ էր ունեցել հուլիսի 21-ին մայրաքաղաքի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, վիրահատությունը նորմալ էր անցել, ժամեր անց, սակայն, վիճակը կտրուկ վատացել էր: Ծննդկանը տեղափոխվել էր բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

Ըստ «Շենգավիթի» պարզաբանման՝ ուշ հետծննդյան շրջանում սկսվել է ատոնիկ արյունահոսություն, նկատվել է մակարդելիության անկում, որը կոնսերվատիվ միջոցներով չի հաջողվել շտկել։ Առաջատար մասնագետների հետ խորհրդակցելուց հետո արյունահոսության դադարեցման եւ կնոջ կյանքը փրկելու նպատակով հեռացվել է արգանդը։ Հաջորդ առավոտյան ժամը իննի շրջանում կնոջ վիճակը սկսել է վատանալ, ի հայտ են եկել ներանոթային տարածուն մակարդման (թրոմբոհեմոռագիկ) համախտանիշի նշաններ։ Որոշվել է հիվանդին տեղափոխել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ էլ մահացել է:

Ծննդկանի քույրը, սակայն, հակառակն է պնդում. «Շենգավիթ« ԲԿ-ում արյուն չի եղել, իրենց ուղարկել են արյուն բերելու: Քույրը պահանջում է, որ քննություն անցկացվի, պարզվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչու է մահացել իր միակ հարազատը: Նշենք, որ բժիշկը եղել է Աշոտ Սիրունյանը: