Ընթացիկ տարվանից պաշտոնական վիճակագրությունն անցել է արդյունաբերական ձեռնարկությունների նոր դասակարգման։ Հիմքում առաջվա պես միայն մեկ ցուցանիշ է՝ անձնակազմի թվաքանակը։ Սակայն սահմանային նիշերով սանդղակում դեպի վեր տեղաշարժ է կատարվել։ Օրինակ առաջ «միկրո» էր համարվում այն ձեռնարկությունը, որի անձնակազմի թվաքանակը մինչեւ 5 մարդ էր, իսկ հիմա՝ մինչեւ 9 մարդ ներառյալ։

Միկրո ձեռնարկությունների համար վերին նշաձողը կարելի է նվազեցնել, ինչից դրանց քանակությունն առանձնապես չի տուժի։ Բանն այն է, որ նման մեկ ձեռնարկության համար անձնակազմի փաստացի թվաքանակի միջինը ավելի շուտ զրոյի է հավասար, քան վերեւի նշաձողին՝ «ընդամենը» 3 մարդ, հունվար- սեպտեմբեր ժամանակահատվածում։ Ստացվում է, որ միջին միկրոձեռնարկության անձնակազմը ներկայացված է տնօրենով, հաշվապահով ու մեկ աշխատողով։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Իրականում իհարկե պատկերն այլ է։ Ամենեւին չի բացառվում ստվերային զբաղվածությունը, նաեւ ձեռնարկությունների հարկադիր պարապուրդը (որի ժամանակ աշխատողների մի մասը երբեմն ժամանակավորապես հեռացվում է աշխատանքից)։ Բացի դրանից քիչ չեն կազմակերպությունները, որոնք գոյություն ունեն միայն թղթի վրա, հաշվետվություններում ներկայացված անձնակազմի նվազագույն թվաքանակով։

Միկրոձեռնարկությունների մասնաբաժինը արդյունաբերական օբյեկտների ընդհանուր քանակության մեջ 72 տոկոս է։ Սակայն աշխատողների ընդհանուր թվաքանակում նրանց սեգմենտը մի փոքր քիչ է՝ ընդամենը 8․7 տոկոս։ Հայրենական արդյունաբերության մեջ առաջատար են 60 խոշոր ձեռնարկություններ, որոնց բաժին է հասնում հայրենական արդյունաբերության անձնակազմի կեսից ավելին։

Հունվար- սեպտեմբեր ամիսներին արդյունաբերության անձնակազմի ընդհանուր թվաքանակը տարեկան կտրվածքով կրճատվել է գրեթե 3․2 հազարով ( կամ 3․8 տոկոսով) այդ թվում միկրոձեռնարկությունների մասով՝ մոտ 2․8 հազարով (28․8 տոկոսով)։ Ուշագրավ է, որ այսքան զանգվածային կրճատումներից հետո աշխատանքի արտադրողականությունը միկրոձեռնարկություններում աճել է գրեթե 20 տոկոսով։ Ամենայն հավանականությամբ, թղթի վրա գրանցված աշխատողների մի մասին կրճատել են , իսկ մնացած անձնակազմին սկսել է ավելի շատ արտադրանք բաժին հասնել։ Նկատենք, որ միկրոձեռնարկությունների մասով արտադրանքի ֆիզիկական ծավալը կրճատվել է 7․3 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում անձնակազմը կրճատվել է անխտիր բոլոր տեսակի ձեռնարկությունների մասով՝ այդ թվում խոշոր (270 աշխատողով կամ 0․6 տոկոսով)։ Բնականաբար կան նաեւ բացառություններ։ Ասենք , այդ նույն «խոշորների» խմբում անձնակազմն ավելացել է ծխախոտի ոլորտում, նաեւ հագուստի արտադրությունում։ Բայց ընդհանուր շարժն այնուամեայնիվ մինուսային է։