Խաղաղ Դոնի փողոցում 23 շենքի վերելակը հոկտեմբերի 30-ին արգելափակվել է տեխնիկական պատճառով։ Այս եզրահանգմանն է եկել ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում ստեղծված՝ դեպքի տեխնիկական քննության հանձնաժողովը։
ԱԻՆ լրատվական բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ վերելակի վթարը տեղի է ունեցել, մասնավորապես, ռելեի շղթայի խափանման պատճառով։ Ռելեի շղթայի խափանումը կարող է լինել խոնավության կամ մեքենայական սրահի ոչ նորմալ ջերմային ռեժիմի հետևանք։ Վերելակը նախապես անցել է փորձաքննություն, սակայն ռելեի խափանման պատճառով այն ներքև է շարժվել բաց դռներով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում արգելափակվել է քաղաքացի, անհրաժեշտ է օգնություն: Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից մեզ տեղեկացրել էին, որ ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում ստեղծվել է դեպքի տեխնիկական քննության հանձնաժողով՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: Վերելակի վթարի պատճառով տուժել է 62-ամյա Ռիտա Դոդոյանը, որը ստորին վերջույթների շրջանում վնասվածք է ստացել։ Վերջինս տեղափոխվել էր Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա ոտքը վիրահատվել էր։ Կնոջ մոտ ախտորոշվել էին սրունքի բաց կոտրվածք, թոքերի սալջարդ, կողերի եւ ամրակի կոտրվածք:«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանի փոխանցմամբ՝ Ռիտա Դոդոյանը մինչ այժմ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում։




























