Տավուշի մարզի Մովսես գյուղում 2015թ. սեպտեմբերի 18-ին սպանված՝ Բերդի տարածաշրջանի զինկոմ Դերենիկ Պապյանի հարազատները վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ պահանջելով վերաորակել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը։ Այս մասին NEWS.am-ին ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդան Զուռնաչյանը։

«Արթուր Մկրտումյանին առաջադրված մեղադրանքը պետք է վերաորակել, հարցն այստեղ այն չէ, թե քանի տարվա ազատազրկման կդատապարտեն, կարեւորն այն է, որ ճիշտ որակվի արարքը»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մկրտումյանին 11 տարվա ազատազրկման էր դատապարտել: Սպանված զինկոմի հարազատները, սակայն, հարազատները համաձայն չէին առաջին ատյանի վճռի հետ եւ վերաքննիչ բողոք էին ներկայացրել` պահանջելով վերաորակել մեղադրանքը: Վերաքննիչը չէր վերաորակել, սակայն պատժաչափն ավելացրել էր եւս երեք տարով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. սեպտեմբերի 18-ին ժամը 21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Մովսես գյուղում վիճաբանության ժամանակ, 41-ամյա Արթուր Մկրտումյանն իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել էր Դերենիկ Պապյանի պարանոցին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:

Արթուր Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորվել է: