Սեւանա լճում 15 օր առաջ կորած երիտասարդի որոնողական աշխատանքները եւ կշարունակվեն այնքան ժամանակ, որքան եղանակային պայմանները թույլ կտան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ ասել է Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը։

Նախարար Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել լավ ծառայության համար եւ հանձնարարել որոնողական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած երկու ջրասուզակներին՝ Ա. Ճզմաչյանին եւ Վ. Մելքոնյանին ներկայացնել դրամական խրախուսման:

ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Ա. Ճզմաչյանը եւ ջրասուզակ Վ. Մելքոնյանը որոնողական աշխատանքներ են իրականացրել մինչեւ 35 մ խորությամբ: Արմեն Երիցյանը հանձնարարել է նաեւ ակտիվացնել ջրասուզակների վերապատրաստման գործընթացը՝ լավագույն մասնագետների հետ հանդիպումներ եւ գործնական պարապմունքներ կազմակերպելով: Քննարկվել է նաեւ ստորջրյա որոնողական ժամանակակից սարքերի ձեռքբերման հարցը:

Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Արեւշատ Առաքելյանի հետ Սեւանա լիճ ձկնորսության  էր դուրս եկել նաեւ նրա համագյուղացի 25-ամյա Ամուր Կյուրեղյանը, որի դին մինչ օրս չի հաջողվել հայտնաբերել: Արեւշատ Առաքելյանի դին փրկարարները հայտնաբերել էին նոյեմբերի 9-ին, նրան հուղարկավորել են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում: