Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը հավատում է, որ իր որդու սպանության գործով դատարանն արդար որոշում կկայացնի:

NEWS.am-ի հետ զրույցում Արկադի Բարսեղյանը նշեց, որ գոհ է գործի նախաքննությունից եւ դատաքննության ընթացքից. «Գործի նախաքննությունից գոհ եմ, հույսս չեմ կտրում, որ ամեն ինչ կանեն, որ մեղավորներն արժանի պատիժ ստանան, ես դրան հավատում եմ»:

Արկադի Բարսեղյանը նշեց, որ իրեն անհանգստացնում է միայն նիստերի հաճախակի հետաձգումը՝ տարբեր պատճառաբանություններով. «Անընդհատ հետաձգվում են նիստերը՝ մեկ փաստաբանի, մեկ էլ ամբաստանյալների հիվանդության պատճառով: Նիստերի հետաձգումը ես չգիտեմ, թե ինչ նպատակ է հետապնդում, բայց որ հաճախ են հետաձգվում՝ փաստ է: Սակայն, ես դրանից չեմ ընկճվում, մինչեւ վերջ էլ գալու եմ ու ամեն ինչ անելու, որ մեղավորներն արժանի պատիժ ստանան»:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: