ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ նոյեմբերի 16-ից կմեկնարկի ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանը:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, նախարարությունում անցկացված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը խիստ հանձնարարական է տվել, որ առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման եւ աղ ու ավազով մշակման աշխատանքները տարվեն անհապաղ, այդ թվում եւ´ գիշերային ժամերին` չսպասելով լուսաբացին:
Նոյեմբերի 16-ից նախարարության լրատվական ծառայությունը եւ համապատասխան ստորաբաժանումները եւս աշխատելու են հատուկ ռեժիմով: Նախարարության պաշտոնական կայքում օրվա ընթացքում նվազագույնը 3 անգամ լրատվություն կտրամադրվի ՀՀ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ, իսկ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում հաղորդվող տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, կավելանա:
Այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին եւ անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, կարող են ճանապարհների անցանելիության մասին ամբողջական, օպերատիվ տեղեկատվություն ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա:



























