Համայնքային որոշ ծառայություններ կարող են հանձնվել հավատարմագրային կառավարման: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 15-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադարձ է կատարվել համայնքային ենթակայության բաժնետիրական ընկերությունների գործունեությանը: Ոլորտները համակարգող տեղակալներին քաղաքապետը հանձնարարել է սեղմ ժամկետում ներկայացնել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բաժնետիրական ընկերությունների կողմից իրականացվող որոշ գործառույթներ մասնավոր ընկերություններին հավատարմագրային կառավարման հանձնելու առաջարկություններ՝ տվյալ գործառույթների առավել արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով:
Հանձնարարվել է նաեւ կոնկրետ չափորոշիչներով առաջարկությունների փաթեթը հնարավորին սեղմ ժամկետներում նախապատրաստել ու ներկայացնել քննարկման:



























