Հրազդանում ծնողների աչքի առջեւ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Վանիկ Սարգսյանի համար դատախազը պահանջել է ազատազրկում 3 տարի 3 ամիս ժամկետով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամբաստանյալի պաշտպան Վահե Դանիելյանը։

«Մենք այդ պատժաչափի հետ համաձայն չենք»,- ասաց փաստաբանը։

Հաջորդ դատական նիստին դատավորը կհրապարակի դատավճիռը: Նշենք, որ դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով:

Հիշեցնենք, որ վրաերթը տեղի էր ունեցել 2016թ. հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ի սահմանում: Հրազդանի բնակիչ 38-ամյա Վանիկ Սարգսյանի վարած «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան քաղաքում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ մայթին վրաերթի ենթարկել հետիոտն, 7-ամյա Արմեն Խամփերյանին, որը տեղում մահացել էր: Հարուցվել էր քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վարորդը եղել է ոչ սթափ վիճակում: Վանիկ Սարգսյանը կալանավորվել էր, ապա գրավի դիմաց ազատ արձակվել: