Գյումրիի թիվ 23 դպրոցի տնօրեն Հակոբ Գեւորգյանը պնդում է, որ ինքը ներառական կրթության ծրագրի մեջ ներառված երեխաների սննդի՝ մասնավորապես «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված մեկանգամյա սննդի փաթեթների ձեռքբերման համար տրամադրված ֆինանսական միջոցները չի հափշտակել։

«Աշակերտները սնունդը ստանում են հաճախած բոլոր օրերին, բոլոր ծնողներն ունեն բանկային քարտեր, գումարը փոխանցվում է այդ քարտերին։ Մեզ մոտ ստուգումներ են եղել, որոնց արդյունքների մասին  դեռ տեղեկացված չենք։ Մեզ մոտ ոչ մի խախտում չկա, իդեալական թափանցիկ է, եւ ոչ մի ծնողից էլ բողոք չունենք, մենք բնականոն հունով աշխատում ենք, ոչ մի խնդիր չկա»,– ասաց տնօրենը։

Հակոբ Գեւորգյանի խոսքով՝ իրավապահ մարմինները դպրոցում ստուգումներ են իրականացրել նոյեմբերի 7 -ին, փաստաթղթեր են վերցրել, սակայն  թե ինչ է պարզվել ստուգումների ընթացքում, տնօրենին դեռ հայտնի չէ: Գործով հարցաքննվել են թե ծնողները, թե տնօրենը:

Նշենք, որ այս դպրոցում ներառական կրթություն է ստանում 220 աշակերտ։

Ավելի վաղ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Գյումրիի հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենի կողմից ներառական կրթության ծրագրի մեջ ներառված երեխաների սննդի՝ մասնավորապես «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված մեկանգամյա սննդի փաթեթների ձեռքբերման համար տրամադրված ֆինանսական միջոցների հափշտակման փաստով, ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռքբերվել պաշտոնական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի յուրացում կատարելու վերաբերյալ:

Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի հատկանիշներով: