Բեւերլի Հիլզում աճուրդի ժամանակ 850 հազար դոլարով վաճառվել է աստվածաշնչյան 10 պատվիրաններով ամենահին քարե արձանագրությունը, որը մոտավորապես 1500 տարվա պատմություն ունի, հայտնում է BBC–ն։

Ուղղանկյունի քարը մարմարի կտոր է, որն ունի 61 սմ բարձրություն եւ կշռում է մոտ 50 կգ։  Քարի վրա սամարացիների գրով փորագրված են 9 պատվիրանները։ Աստծու անունը զուր տեղը տալու մասին պատվիրանը բացակայում է։ Դրա փոխարեն փորագրված է տեղական համայնքներից մեկի հավատացյալների համար գործող կանոնը։

Սալաքարը հատվել է մոտավորապես 300-500 թվականներին։ Այն, ամենայն հավանականությամբ, զարդարում էր Իսրայելում հնագույն սինագոգի մուտքը, որն ավերել էին հռոմեացիները։

Աճուրդում վաճառքի պայման է եղել գտածոն թանգարանում տեղադրելը։ Մեկնարկային գինը 300 հազար դոլար է կազմել։

Սալաքարը հայտնաբերել էին 1913 թվականին Յանվե քաղաքում երկաթուղու շինարարության ժամանակ։