Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) կանխատեսում է նավթի ծայրահեղ բարձր գներ։ Վկայակոչելով ՄԷԳ զեկույցը՝ գերմանական Sueddeutsche Zeitung թերթը հայտնում է, որ նման բան հնարավոր կդառնա այն դեպքում, եթե «պահպանվի նավթարդյունահանող ոլորտում ներդրումների ներկա հսկայական դեֆիցիտը»։

Վերջին երկու տարիներին, ինչպես պարբերականն է հիշեցնում, երբեմի թանկարժեք նավթը էժանացել է գրեթե երեք քառորդով։ Դա տեղի է ունեցել համաշխարհային շուկայում նավթի ավելցուկի պատճառով, որին նպաստել է ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արտադրության բումը, իսկ ավելի ուշ՝ նավթի արդյունահանման ռեկորդային ծավալները Ռուսաստանում։

Չնայած նավթի ցածր գներին՝ արդյունահանումը ռեկորդային նիշերի է հասել ՕՊԵԿ 14 երկրներում։ Միաժամանակ աճել է նաեւ պահանջարկը։ Արդյունքում հիմա ամբողջ աշխարհի նավթի պահեստները լցված են, նավթային պետությունները մրցում են իրար հետ նավթի արդյունահանման ծավալներով ու պայքարում իրացման շուկաների համար։ Բայց թե ինչքան է դա շարունակվելու՝ հայտնի չէ։

Եվ այպես, ՄԷԳ-ն իր զեկույցում նշում է այն փաստը, որ անցած տարի «յուրացվել են նվազագույն քանակության նոր ավանդական հանքավայրեր՝ 1950-ականների հաջորդած ժամանակահատվածի համեմատ։ Այս տարի փոփոխություններ չեն եղել»։ «Արդյունքում եթե ներկա իրադրությունը պահպանվի ընդհուպ մինչեւ 2017 թ ներառյալ, քիչ հավանական է, որ առաջարկն ու պահանջարկը հավասարվեն առանց գների կտրուկ ավելացման»,- կանխատեսում է ՄԷԳ-ն։

Ավելին, նավթի ներկա ցածր գների պահպանման դեպքում նավթարդյունահանող կոնցեռնների ու պետությունների ներդրումները բավարար չեն լինի առաջիկա տարիներին աճող պահանջարկը բավարարելու համար։ Արդյունքում հակառակ իրավիճակը կստեղծվի՝ առաջարկի ավելցուկը կհանգեցնի հսկայական անդունդի՝ պահանջարկի ու նավթի իրական քանակի միջեւ, հավելում է պարբերականը։