Եթե կա «Նաիրիտ» գործարանի վերագործարկման կոնկրետ ծրագիր, Կառավարությունը պատրաստ է նստել եւ քննարկել այն։ Այս մասին նոյեմբերի 17-ին ԱԺ–ում՝ 2017-ի բյուջեի քննարկման ժամանակ, ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը քննարկման ժամանակ ասաց, որ գործարանի նախկին աշխատակիցները կոնկրետ հայտարարում են, որ ներդրողները պատրաստ են նպաստել գործարանի վերագործարկմանը։ Դրան ի պատասխան՝ Վարդան Արամյանն ասաց. «Եթե կա «Նաիրիտ» գործարանի վերագործարկման կոնկրետ ծրագիր, Կառավարությունը պատրաստ է նստել, քննարկել եւ հասկանալ այն։ Բաց եթե  դա միայն առաջարկ է, պարզապես բարձրաձայնելու համար, ապա կարծում եմ, որ դա ճիշտ չէ»։