Եթե 2016 թվականին Հայաստանում վարկավորման աճը սպասվում է 4 տոկոս, ապա 2017 թվականին՝ 8 տոկոս: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Նրա խոսքով, վարկավորման աճին կօգնի Կենտնորական բանկի կողմից առանցքային տոկոսադրույքների նվազումը: Մասնավորապես, 2015-ի հոկտեմբերից մինչ օրս ԿԲ-ն ռեպո գործարքների տոկոսադրույքները նվազեցրել է 10,5 տոկոսից դարձնելով 6,25:

Վերջին երկու տարիներին ավելի մեղմ է եղել ոչ միայն դրամավարկային, այլեւ հարկաբյուջետային քաղաքականությունը: Մասնավորապես, բյուջետային ծախսերում հարաբերականորեն բարձր է եղել կապիտալ շինարարության բաժինը: Դրա էֆեկտը կզգացվի 2017 թվականին: Հայաստանի տնտեսության վերականգնմանը կօգնի նաեւ Ռուսաստանում սպասվող տնտեսական աճը (ԱՄՀ-ի գնահատականներով, Ռուսաստանի ՀՆԱ-ն 2017-ին կաճի 1,1 տոկոսով), եւ գունավոր մետաղների գների աճը (այստեղ ԱՄՀ-ն եւ ՀԲ-ն սպասում են 3-4 տոկոս աճ):