Մեր նպատակն է ուղեղների հոսքը վերածել ուղեղների շրջանառության, եւ «Հորիզոն-2020»-ը պետք է ծառայի այդ կարեւոր նպատակին. Այս մասին նոյեմբերի 17–ին Արեւելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության ձեւաչափով հանդիպումից հետո լրագրողներին ասաց Հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:
«Տնտեսական զարգացումը տեղի է ունենում գիտահետազոտական ներուժը օգտագործելով, ինչը Հայաստանում առկա է: Գիտահետազոտական ոլորտում սահմաններ չկան եւ ասոցացվելով «Հորիզոն-2020»-ի հետ՝ Հայաստանը մեծ հնարավորություն է ստանում ինտեգրվել եվրոպական գիտահետազոտական համակարգին: Հաջողակ ձեռներեցությունն ու տնտեսական զարգացումը հնարավոր են միայն գիտահետազոտական ներուժը օգտագործելով»,- ասաց նա:
Հաշվի առնելով ծրագրի մասնակիցներին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ ԵՄ կողմից իրականաված ԵՄ 7-րդ շրջանակային (FP7) ծրագրի արդյուքները՝ ՀՀ պետական գիտական կազմակերպություններից եւ բուհերից շուրջ 30-ը կարող են արդյունավետորեն մասնակցել «Հորիզոն-2020» ծրագրի տարբեր գերակայությունների շրջանակներում անցկացող թեմատիկ մրցույթներին:
ԵՄ նախորդ՝ 7րդ շրջանակային ծրագրի (2007-2013թթ.) շրջանակում Արեւելյան գործընկերության երկրները մասնակցել են 427 նախագծերի, որոնց իրականացման համար ԵՄ կողմից հատկացվել է 44.75 մլն եվրո: Ըստ «Հորիզոն-2020» ծրագրի առաջին 112 հրավերների (2015 թ. փետրվար) արդյունքուների՝ Արեւելյան գործընկերության երկրներին հատկացվել է մոտ 5.5 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Երեւանում մեկնարկել է Արեւելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության ձեւաչափով հանդիպումը՝ նվիրված հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերին: Միջոցառմանը մասնակցում են Հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Հետազոտության, գիտության եւ նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը, Սլովակիայի ԿԳ հետազոտության եւ սպորտի նախարար Պետեր Պլավչանը, Ուկրաինայի ԿԳ նախարար Լիլիա Գրինեւիչը, Վրաստանի ԿԳ նախարարի տեղակալ Թամազ Մարսագիշվիլին, Բելոռուսի Գիտության պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը, Մոլդովայի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկան:




























