2015-ին Հայաստանում վարկավորման անկումը հիմա փոխարինվել է աճով։ Այս մասին նոյեմբերի 17-ին հայտնել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, 2017-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
2015-ին բանկային համակարգի դեպոզիտների պորտֆելը աճել է 11․5 տոկոսով, իսկ 2016-ից մինչեւ հիմա՝ մոտ 9․5 տոկոսով։ Դեպոզիտների աճի պահպանմանը զուգահետ , աճում է նաեւ ֆինանսական համակարգի վարկային պորտֆելը։ Եթե 2015-ին դրա անկումը կազմել էր 2- տոկոսից մի քիչ շատ, ապա 2016-ի սկզբից մինչեւ այսօր դիտարկվում է 5․8 տոկոսի աճ։
Ծանր իրավիճակից դուրս գալու մասին է վկայում ներմուծման աճը՝ 2015-ին դրա կտրուկ անկումից հետո։ Այդ աճը ցույց է տալիս, որ աճում է բնակչության գնողունակությունը։ Դրան օգնում է նաեւ արտասահմանից տրանսֆերտների դինամիկան՝ դրանք շարունակում են կրճատվել, բայց դանդաղորեն։ Եվ այսպես տարեսկզբից կրճատումը կազմում էր մոտ 10 տոկոս, իսկ հոկտեմբերին՝ 2015-ի հոկտեմբերի համեմատ, 5․7 տոկոս։



























