Եվրասիական տնտեսական միությունում բոլոր 5 երկրների ապրանքանիշների պաշտպանության միասնական ռեեստր կստեղծվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանում անցկացվող «Հակակեղծում-2016» միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողներին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության նախարար Թիմուր Սուլեյմենովը:
Նրա խոսքով՝ ԵՏՄ Մաքսային օրենսգրքի գործող խմբագրման մեջ դրույթ է մտցվել, որի համաձայն՝ անդամ երկրները պետք է մտավոր սեփականության օբյեկտների ընդհանուր մաքսային ռեեստր վարեն: Միության երկրներն այդ մասին արդեն պայմանավորվել են համաձայնագրի մակարդակով, այժմ այն ներառվել է Մաքսային օրենսգրքի մեջ: Համապատասխանաբար կմիավորվեն ապրանքանիշների ազգային մաքսային ռեեստրները: Այդ ժամանակ մի երկրի իրավատերերը կստանան ոչ միայն իրենց երկրի մաքսային մարմինների պաշտպանությունը, այլեւ ԵՏՄ մյուս երկրների: «Առանց իրավատերերի համաձայնության ոչ մի վիճելի ապրանք ԵՏՄ-ում չի հայտնվի»,- ընդգծեց Սուլեյմենովը:



























