Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է բանակում ծեծվելու հետեւանքով հոգեկան խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանի շահերի պաշտպանի` Արթուրին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճելու որոշման դեմ բողոքի քննությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Փաստաբանը նշեց, որ նիստն հետաձգվել է, որովհետեւ տուժող կողմը ճանապարհների փակ լինելու պատճառով չի կարողացել գնալ կապան:
Թե հաջորդ դատական նիստը երբ տեղի կունենա, դեռ պարզ չէ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Հակոբյանին ծեծի ենթարկելու գործը կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ, 2015թ. նոյեմբերի 13-ին որոշում էր կայացվել քրեական գործ հարուցելու մասին, իսկ զինծառայող Արթուր Հակոբյանը ճանաչվել էր տուժող:
Արթուր Հակոբյանը 2015թ. նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ էր տեղափոխվել: Արթուրն ու նրա հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը՝ հարբած վիճակում, որի հետեւանքով էլ ձեռք է բերել առողջական խնդիրներ:
Նշենք, որ 19-ամյա Արթուր Հակոբյանը, թեեւ հոսպիտալից տուն է տեղափոխվել, բայց չի ապաքինվել. պարբերաբար ուշագնաց է լինում, սրտխառնոցներ ունենում: Արթուրին լուրջ հետազոտություն եւ բուժում է հարկավոր, սակայն, ընտանիքը բավականաչափ գումար չունի:
Արթուրին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նրա հորաքրոջը Ռիտա Հակոբյանին՝ 093898783 հեռախոսահամարով:





























