Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել անվանի գիտնական Յուրի Օգանեսյանին, որում մասնավորապես նշված է.
«Հարգելի Յուրի Ցոլակի,
Անկեղծ եւ սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տեսական եւ կիրառական քիմիայի միջազգային միության կողմից Դ.Ի.Մենդելեեւի պարբերական համակարգի նոր, 118-րդ քիմիական տարրը Ձեր անունով՝ Օգանեսոն հաստատելու կապակցությամբ:
Ձեր ֆունդամենտալ հետազոտությունները եւ մշակումներն ընդլայնեցին գիտելիքի սահմանները, էական ներդրում ունեցան գիտական մտքի առաջատար բնագավառների զարգացման մեջ, լայն ճանաչում ստացան աշխարհում եւ նշանավոր ազդեցություն ունեցան մի շարք ուղղությունների զարգացման վրա: Դուք իրավամբ դասվում եք ականավոր գիտնականների շարքում, որոնց վաստակներն արժանացել են ամենաբարձր միջազգային ճանաչմանը:
Ձեր գիտական նվաճումներով հպարտանում են Ձեր հարազատներն ու մերձավորները, Ձեր աշակերտները եւ Ձեր կողմից հիմնված գիտական դպրոցի հետեւորդները, մեր երկիրը եւ ողջ հայ ժողովուրդը: Դուք Ձեր օրինակով ոգեւորում եք բազմաթիվ գիտնականների ամբողջ աշխարհում եւ, իհարկե, Հայաստանում»:





























