ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Օքսֆամի հայաստանյան գրասենյակի եւ Տնտեսական Զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներին:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» եւ «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի եւ դիզելային վառելիքի ձեռքբերման համար» բյուջետային ծրագրերի գնահատման արդյունքները: Գնահատումները կատարվել են Օքսֆամի եւ Տնտեսական Զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվող «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն եւ քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության աջակցությամբ:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Հիմնվելով ծրագրերի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վրա` հյուրերը ներկայացրել են իրենց առաջարկները, որոնք, մասնավորապես, վերաբերում էին պետության կողմից գյուղացիական տնտեսություններին տրամադրվող պարարտանյութերի սուբսիդավորմանը, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների աշխատանքի արդյունավետությանը եւ մարզերում խորհրդատվական ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ գյուղաբնակների համար խորհրդատվական նյութերի մատչելիության ապահովմանը:
Կարեւորելով պետական այս երկու ծրագրերի վերաբերյալ իրականացված հետազոտությունները` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան մասնագետները կուսումնասիրեն գնահատման արդյունքները եւ հետազոտության մեջ նշված եւ հանդիպման ընթացքում բարձրաձայնված առաջարկները հաշվի կառնվեն հետագա ծրագրերը մշակելիս:





























