Վերջին օրերին կանխվել է վտանգավոր սննդամթերքի ներմուծումը Հայաստան:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՍԱՊԾ-ն նախատոնական օրերին խստացրել է սահմանային պետական վերահսկողությունը՝ ներմուծման ծավալների ավելացմանը զուգահեռ ժամկետանց կամ վտանգավոր սննդամթերքի ներմուծումը  հանրապետության տարածք բացառելու նպատակով:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա, վերջին օրերին կանխվել է 68 հազար 400 հատ ձվի, 1000կգ կարագի եւ 22000կգ աղի, 4256կգ բուսասերուցքային մածուկի, 1740կգ հավի սառեցված աղացած մսի, 500կգ կաթ պարունակող պանրային արտադրանքի խմբաքանակների ներմուծումը հանրապետության տարածք: Նշված բոլոր խմբաքանակները ենթակա են ոչնչացման, օգտահանման կամ հետ վերադարձման:

Թույլ չի տրվել նաեւ 25 հազար հատ՝ կարանտին վնասակար օրգանիզմով վարակված մեխակի ներմուծումը. խմբաքանակը պետք է ոչնչացվի:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծումը թույլատրվում է միայն արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում: Օրենքով սահմանված են  որոշակի բացառություններ, մասնավորապես՝ բուսասանիտարական հավաստագիր չի պահանջվում հանրապետության սահմանով տեղափոխվող փոստային փոխադրումներում, ինքնաթիռների, ուղեւորական վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղեւորների, ինքնաթիռների անձնակազմի եւ վագոն-ռեստորանների աշխատողների ձեռքի ուղեբեռներում առկա բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների համար (սա չի վերաբերում սերմնանյութին, տնկանյութին եւ կարտոֆիլին): ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ տարածք ներմուծվող բուսական ծագման մթերքների բնաիրային քանակությունները չեն կարող գերազանցել յուրաքանչյուր ապրանքի համար 50 կգ-ը, գետնընկույզի դեպքում՝ 20 կգ-ը, իսկ չբոված սուրճի դեպքում՝ 5 կգ-ը:

Ելնելով վերոնշյալ պահանջից՝ ներմուծում իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հորդորում ենք գործել ՀՀ օրենսդրության շրջանակներում եւ չփորձել առանց արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի ՀՀ տարածք ներմուծել նշված չափաքանակները գերազանցող բուսական ծագման ապրանքներ, հակառակ պարագայում, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարգելվի ամբողջ խմբաքանակի ներմուծումը»: