Պաշտպանության նախկին փոխնախարար, Ազատամարտիկների դաշինքի անդամ, գեներալ Գագիկ Մելքոնյանը ոչ մի խնդիր չի տեսնում, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնանկությունից ամիսներ անց կարող է հանգրվանել ընդդիմադիր ճակատում եւ պայքար սկսել Սերժ Սարգսյանի իշխանության դեմ: Ավելին` կարծում է, որ նրան այդ հարցում պետք է սատարել:
Գագիկ Մելքոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ Սեյրան Օհանյանի քաղաքական ծրագրերից, չգիտի` քաղաքականություն կմտնի, թե ոչ եւ ինչ ձեւաչափով:
«Ես տեղյակ չեմ Սեյրան Օհանյանի ծրագրերից, բայց եթե Սեյրան Օհանյանն ասի, որ ինքը, իրոք, կանգնելու է ժողովրդի կողքին, մենք կստարենք»
Հարցին` արդյոք խոչընդոտ չէ այն, որ մինչեւ վերջերս Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի իշխանության կարեւորագույն ներկայաուցիչներից ու աջակիցներից մեկն էր, Մելքոնյանը պատասխանեց.
«Ոչ, մենք պիտի մեջքով կանգնենք անցյալը, դեմքով` ապագան: Մենք միշտ հակառակն ենք անում, դեմքով դեպի անցյալը, մեջքով` ապագան: Կապ չունի Սեյրան Օհանյանն ինչ է եղել անցյալում, պիտի մոռանանք, բոլորս պիտի մոռանանք: Եթե ուզում ենք արդյունքի հասնել, պիտի անցյալը թողնենք հետեւում: Իսկ մենք ընդհակառակը ասում ենք` էս մարդն էս ա եղել, էն ա եղել… ինչ որ եղել ա, եթե ուզում է կանգնի ժողովրդի կողքին, ուրեմն կսատարենք»,-ասաց նախկին փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Գագիկ Մելքոնյանը պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատվեց 2008 թվականին ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանն աջակցելու պատճառով: Իսկ 2014 թվականին մի խումբ ազատամարտիկների հետ միասին ստեղծեցին Ազատամարտիկների դաշինքը եւ միացան ՀԱԿ-ԲՀԿ-Ժառանգություն եռյակի բուրժուադեմոկրատական շարժմանը:
Նշենք, որ Ազգային ժողովում նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը երեկ հայտարարեց, որ իրենք համագործակցելու են Սեյրան Օհանյանի հետ, որը առաջիկա օրերին պատրաստվում է հայտարարել քաղաքականություն մտնելու իր մտադրության մասին:





























