Արարատի մարզի Լուսառատ գյուղի տներից մեկում անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած պայթյունի դեպքով մեղադրանք է առաջադրվել Գասպրոմ Արմենիա ՓԲԸ-ի Արարատի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի 3 աշխատակիցներին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության` Եղիազար Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Նապոլեոն Թամրազովը բոլոր հնարավոր միջոցները չեն ձեռնարկել դեռեւս 2015թ. նոյեմբերի կեսերից Լուսառատ գյուղի Շիրվանզադե փողոցի 35 հասցեի տան մոտ ստորգետնյա միջին ճնշման խողովակաշարի 11 սմ երկարությամբ միջանցիկ ճաքից տեղի ունեցած գազի արտահոսքը հայտնաբերելու ուղղությամբ, ստորգետնյա գազատարների ուղեգիծ դուրս գալիս շրջայցը կատարել են առանց համապատասխան գործիքի եւ գազավերլուծիչի գործածման, գազատարների շրջայցը կատարել են երթուղային համարակալված քարտեզների համաձայն, որոնցում նշված չեն եղել մինչեւ 15 մ հեռավորության վրա գտնվող ստորգետնյա այլ հաղորդակցուղիների դիտահորերը, շենքերի նկուղները: Այս ամենի հետեւանքով արդյունքում նշված տանը կից օժանդակ շինությունում դեկտեմբերի 11-ին ժամը 11.00-ի սահմաններում տեղի է ունեցել մեթան գազի ներհոսք եւ առաջացած պայթյունավտանգ խառնուրդի պայթյուն բաց կրակի աղբյուրից՝  սեփականատեր Տիգրան Սարգսյանի պատրաստած ածուխի եւ ծխացող ծծումբից, որն առաջացրել է ծանր հետեւանքներ. Տիգրան Սարգսյանը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, իսկ ընտանիքին հասցվել է շուրջ 4 մլն դրամի նյութական վնաս:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին

Ավելի վաղ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնել էին, որ Լուսառատի Շիրվանզադե փողոցի 50-ամյա Տ. Ս.-ին պատկանող թիվ 35 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով տանը կից շինությունը (սառնարանային տնտեսություն 24 քմ) եւ ավտոտնակը (32 քմ) ամբողջությամբ փլուզվել են, իսկ լոգարանի, սանհանգույցի տանիքները եւ տան դիմացի ծածկը մասնակի (մոտ 24 քմ) վնասվել են:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Տ. Ս.-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի ԲԿ,  որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: