Բեռլինում կատարված ահաբեկչությունը կբարդացնի պատասխանատու գերմանական քաղաքական գործիչների երկընտրանքը՝ ինչպես հաշվի նստել իրենց համաքաղաքացիների դժգոհության հետ ու միաժամանակ ջուր չլցնել պոպուլիստական աջ ուժերի ջրաղացին,- գրում է Slate.fr պորտալի սյունակագիր Դենիել Վերնեն։

«Անկարա-Բեռլին, դեկտեմբերի 19-ի երեկոյան մի քանի ժամ ինտերվալով երկու ահաբեկչություն է տեղի ունեցել։ Թուրքիայի մայրաքաղաքում ցուցահանդեսի բացման ժամանակ մի քանի կրակոցով սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը։ Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետեւանքով զոհվել է 12 ու վիրավորվել 48 մարդ»,- ասվում է հոդվածում։

Երկու ահաբեկչություն։ Գործողության երկու միջոց, երկու թիրախ, երկու նշանակետ։ Անկարայում նշանակետն է եղել հենց դեսպանը, վստահ է հեղինակը։

Բեռլինում իրադարձությունները հիշեցնում էին հուլիսի 14-ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Երկու դեպքում էլ կարելի է ենթադրել, որ վայրի ընտրությունը պատահականություն չի եղել։ Երկու վայրերն էլ բազմամարդ էին։ Նիսում ֆրանսիական ազգային տոնն էին նշում, իսկ Բեռլինում տոնավաճառը բացի ամենայնից նաեւ սուրբծննդյան թեմայով էր, այսինքն թիրախը նաեւ քրիոստոնեական խորհրդանիշն էր։

Բեռլինում ահաբեկչությանը նախորդել էին մի շարք այլ միջադեպեր, բայց դրանց դեպքում խոսքը ինքնուրույն գործող մոլագարների մասին էր, այլ ոչ թե ահաբեչկության։

«Բեռլինում սուրբծննդյան շուկայի վրա հարձակումը ամենահրեշավորն էր Գերմանիայի համար։ Լրացուցիչ ապացույց, որ եթե նույնիսկ եվրոպական երկիրը ակտիվ չի մասնակցում ԻՊ դեմ միջազգային կոալիցիայի գործողություններին, միեւնույն է պաշտպանված չէ ահաբեկչությունից։ Գերմանիան կոալիցիայի անդամ է, բայց միայն նյութատեխնիկական ապահովումով է զբաղվում, չի մասնակցում ռմբակոծություններին։ Այս ահաբեկչությունը կարող է քաղաքական հետեւանքներ ունենալ ՝ չնայած աջ պոպոլիստական AfD կուսակցությունը արշավ է ծավալում իսլամի դեմ, իսկ կանցլերի կուսակցությունը քննադատում է փախստականների նկատմամբ սահմանափակումների չեղարկման քաղաքականությունը։ Մերկելը ստիպված էր ՔԴՄ վերջերս կայացած համագումարում մենակ դիմակայել միգրացիոն քաղաքականության խստացման պահանջներին, որոնք բարձրացնում էին քրիստոնյան դեմոկրատները»։

«2015-ին Գերմանիան ընդունել է ավելի քան 800 հազար փախստական։ Հենց կանցլերն է եղել Թուրքիայի հետ պայմանագիր նախաձեռնողներից մեկը, որպեսզի նվազեցնի Մերձավոր արեւելքի ռազմականացած գոտիներից միգրանտների հոսքը։ Բայց նա հրաժարվել է սահմանել փախստականների քանակի վերին շեմը, ինչպես պահանջում էին նրա կուսակցության աջ թեւը ու բավարական եղբայրական կուսակցությունը»,- նշում է հեղինակը։

«Այդ մերժման համար հիմա նրան մեղադրում են։ Նրա վարկանիշը տուժել էր նաեւ 2016-ի սկզբին երբ հարյուրավոր կանայք սեռական ագրեսիայի զոհ էին դարձել Քյոլնում Սուրբ Սիլվեստրի գիշերը։ Այդուհանդերձ, նրա ժողովրդականությունը նորից աճել է վերջին ամիսներին, երբ Գերմանիայում բացվել է նոր ընտրական տարի։ Կանցլերի պաշտոնում 12 տարի մնալուց հետո Մերկելը նոր մանդատի է ձգտելու սեպտեմբերյան ընտրություններում։ Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչությունը կբարդացնի գերմանացի քաղաքական գործիչների երկընտրանքը՝ ինչպես հաշվի նստել իրենց համաքաղաքացիների դժգոհության հետ ու միաժամանակ ջուր չլցնել աջ պոպուլիստական ուժերի ջրաղացին», ամփոփում է հոդվածագիրը։