Այս տարվա ապրիլին Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում պայթյունի մասին կեղծ ահազանգ տալու դեպքով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության` Գեւորգ Ա.-ն, չցանկանալով, որ ընկերուհին մասնակցի մորաքրոջ որդու հարսանիքին, խանդի շարժառիթից դրդված եւ գիտակցելով, որ իր կողմից տրված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, զանգահարել է ոստիկանություն եւ տվել նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում` հայտնելով, թե իբրեւ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող ռեստորաններից մեկում պայթյուն է տեղի ունենալու:

Գեւորգին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, այն է` նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Գեւորգը կալանավորված է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 16-ին ուշագրավ դեպք է տեղի ունեցել Հանրապետության ռեստորաններից մեկում: Անհայտ անձը զանգահարել է իրավապահ մարմիններին ու հայտնել, որ ռեստորանի հանդիսության սրահում հարսանիքի ժամանակ պայթյուն է լինելու։ Համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց հետո պարզվել է, որ կեղծ ահազանգ է եղել։