«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որեւէ տագնապ չունի այլ քաղաքական միավորումներից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն՝ անդրադառնալով նորաստեղծ ընդդիմադիր դաշինքներին։

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որեւէ տագնապ չունի այլ քաղաքական միավորումներից,  բաժանումից եւ համախմբումից, որովհետեւ իր անցած 20 տարվա կենսագրությունը մշտապես ցույց է տվել, որ մենք,  որպես քաղաքական միավոր, մասնակցել ենք բոլոր ընտրական գործընթացներին եւ մշտապես հաջողվել ու հայտնվել խորհրդարանում»,-ասել է Հեղինե Բիշարյանը։

Նշենք, որ մինչ այս պահը ձեւավորվել է «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքը, որը «Ելք» անվամբ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Խմորման փուլում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Ազգային ժողովում  նախագահի նախկին ներկայացուցիչ, «Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանի եւ  նախկին արտգործնախարար «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանի  միավորումը։  Կարծիքներ կան, որ հակաիշխանական ճամբարում ձեւավորվող դաշինքները կարող են լուրջ հարված հասցնել այնպիսի ուժերի,  ինչպիսիք են ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ այլն, որոնք վերջին տարիներին հազիվ հաղթահարել են անցողիկ շեմը։

Պատգամավորը շեշտեց, որ անկախ քաղաքական վայրիվերումներից՝ ունեն իրենց կայուն ընտրազանգվածը. «Անկախ քաղաքական վայրիվերումներից, փոթորիկներից,  մենք  ունենք մեր  կայուն ընտրազանգվածը։ Որեւէ մեկի ծնունդը մեր աշխատանքներին չի խոչընդոտելու»։ 

Հարցին՝ այս ընթացքում որեւէ ուժ առաջարկե՞լ է «Հայկական վերածնունդ» կուսակցությանը  միասնաբար խորհրդարանական ընտրություններին մասնակցել, պատգամավորը պատասխանեց ․ «Որ ասեմ չկա՝ սուտ կլինի։ Մենք մշտապես միայնակ ենք մասնակցել, կողմնակիցն ենք միայնակ մասնակցելու, որովհետեւ կյանքը ցույց է տվել, որ դաշինքները շատ կարճ կենսագրություն ունեն, եւ չենք ուզում այդ վիճակում հայտնվել»: