Հրազդանում ծնողների աչքի առջեւ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու գործով դատավարությունը մեկնարկում է։
Դատական առաջին նիստը նշանակված է դեկտեմբերի 28-ին։ Նշենք, որ վարորդին դանակահարել էր մահացած երեխայի հայրը, որին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Ըստ մեղադրական եզրակացության՝ մահացած երեխայի հայրը՝ Գագիկ Խանփերյանը, սեպտեմբերի 5-ին ժամը 17:30-ի սահմաններում Հրազդանում հանդիպել է իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառած Վանիկ Սարգսյանին: Վրեժխնդրության շարժառիթով իր մոտ պահվող դանակով Խանփերյանը դիտավորությամբ հարվածներ է հասցրել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերքեր, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող երկու վերքեր, ինչի հետևանքով Սարգսյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս:
Գագիկ Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ իտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը: Խանփերյանը կալանավորված է:
Ի դեպ, նույն դատարանում ընթանում է նաեւ վրաերթի ենթարկելու գործը։ Արդեն իսկ դատաքննության ավարտ է հայտարարվել, դատախազը մեղադրական ճառով հանդես է եկել դեռեւս շուրջ 1 ամիս առաջ, դրանից հետո նիստերն անընդհատ հետաձգվում են։



























