Նախկին կնոջը, զոքանչին եւ աներոջը կացնահարելու գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության` 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանն անբարյացակամ հարաբերություններ է ունեցել նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի եւ վերջինիս ծնողների հետ: Հուլիսի 8-ին գիշերն իր մանկահասակ որդուն տեսակցելու շուրջ վիճել է նախկին կնոջ եւ ծնողների հետ: Այնուհետեւ Մանսուրյանները գնացել են ոստիկանություն` կատարվածի վերաբերյալ հաղորդում տալու: Համոզված լինելով, որ նրանք վերադառնալու են տուն, երեխային տեսակցելն արգելելու պատճառով նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով իր հետ նախապես վերցրել է կացին եւ դարանակալել է նրանց շենքի շքամուտքում: Մի քանի ժամ անց Թագուհին ու մայրը մտել են շենք եւ գնացել իրենց տան ուղղությամբ: Հենց այդ պահին Վլադիկ Մարտիրոսյանը հարձակվել է նրանց վրա, կացնող բազմաթիվ հարվածներ հասցրել Թագուհի Մանսուրյանի մարմնի տարբեր մասերին, ապա նաեւ մոր գլխին եւ մարմնի տարբեր մասերին` սպանելով նրան: Այնուհետեւ նույն կացնով հարվածներ է հասցրել նաեւ աներոջը: Աղմուկի ձայներից հարեւանությամբ բնակվող Սարգիս Գրիգորյանը դուրս է եկել բնակարանից եւ հետեւի կողմից փաթաթվելով` Վլադիկ Մարտիրոսյանին հեռացրել է Մանսուրյաններից:

Բացի դրանից, Վլադիկ Մարտիրոսյանը հունիսի 3-ին Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության վարչական շենքում իր երեխային տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է Թագուհի Մանսուրյանի հետ եւ սպառնացել, որ կսպանի, կվերացնի նրան:

31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջ, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:

Նշենք, որ նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վ. Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել: