Վրաստան ժամանած ամերիկացի սենատորները հայտարարել են, որ Կոնգրեսում կհասնեն Ռուսաստանի եւ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցների խստացման: Ջոն Մակքեյնը, Լինդսի Գրեմը եւ Էմի Քլոբուշարը այսօր պաշտոնական այցով Վրաստան են ժամանել: Իրենց այցը մեկնաբանելիս Մակքեյնը Վրաստանը Ամերիկայի բարեկամ եւ դաշնակից է անվանել, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Լրագրողների հետ զրույցում Մակքեյնը հայտնել է, որ «իր գործընկերներին կոչ կանի ԱՄՆ վրա հաքերային հարձակումների պատճառով Ռուսաստանի դեմ էլ ավելի խիստ եւ նշանակալից պատժամիջոցներ սահմանել»: Մակքեյնի խոսքով՝ «ծանրակշիռ ապացույցներ կան», որ հենց ռուսաստանցի հաքերներն են կոտրել Դոեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի էլեկտրոնային փոստը:

Սենատոր Լինդսի Գրեմը նույնպես հայտարարել է, որ «Պուտինին նեղելու ժամանակն է», եւ հույս է հայտնել, որ «2017-ը կդառնա հարձակման տարի»: Նա ընդգծել է. «Ժամանակն է, որ նոր պատժամիջոցները ծանր հարված հասցնեն Պուտինին, նաեւ ռուսական էներգետիկ եւ բանկային հատվածին»: