Մոսուլը «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներից ազատագրելու Իրաքի կառավարական ուժերի գործողությունը կավարտվի մոտ ժամանակներս: Այս մասին երկուշաբթի Բաղդադում Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ հանդիպմանը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մոսուլում ԻՊ-ի ոչնչացումը մի քանի շաբաթ կպահանջի, շուտով մենք նրանց վերջի ականատեսը կլինենք: ԻՊ-ը նահանջում է իրաքյան ուժերի ճնշման ներքո»,- ասել է Օլանդը՝ նշելով, որ «կառավարական կազմավորումները Մոսուլում գործողությունների անցկացման շրջաններում ապահովում են խաղաղ բնակիչների նահանջը»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկուշաբթի առավոտյան ժամանել է Բաղդադ՝ Իրաքի իշխանությունների հետ քննարկելու Մոսուլի գործողությունը, հանդիպելու Իրաքում տեղակայված ֆրանսիացի զինծառայողների հետ: Նա Բաղդադից կուղեւորվի Էրբիլ (Իրաքյան Քուրդիստան):





























