Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի շենքերից մեկի բնակարանում հունվարի 8-ին գազի արտահոսքից մահացած ամուսինները գազի վառարանը հանել էին փորձարկման։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացածների հարեւաններից մեկը։
Նա պատմեց, որ իրենց մոր տանը հյուրընկալված երիտասարդ ամուսինները դեպքի նախորդ օրն իրենց մոր հետ փորձարկել են գազի վառարանը։
«Վառարանը խողովակ չուներ, փորձարկելուց հետո մայրը զգուշացրել ա, որ առանց խողովակի չվառեն վառարանը։ Մայրը տանը չի եղել, երեւի ցուրտ ա եղել, չեն դիմացել, վառել են»,- ասաց նա։
Հարեւաններից մեկ ուրիշն էլ պատմեց, որ ընտանիքը շենքում վարձով է ապրել, եւ իրենք շփում չեն ունեցել նրանց հետ, բայց գիտեին, որ մայրը հերթափոխով էր աշխատում. «Մայրը սմենով էր աշխատում, տանը չի եղել գիշերը, երեւի աշխատանքի ա եղել»։
Մահացած ընտանիքի տան ներքեւի հարկում ապրող հարեւանը պատմեց, որ մեկ-երկու օր բարձր լսել են հեռուստացույցի ձայնը, բայց շարժ չեն զգացել, ինչը կասկածելի է եղել։ Երբ բարձրացել են, տեսել են, որ մայրն արդեն դռան մոտ է։
«Գիշեր-ցերեկ հեռուստացույցի ձայնը բարձր լսվում էր, բայց ոտնաձայներ չէր լսվում։ Առավոտը գնացինք, որ ասենք ձայնը բարձր ա, տեսանք՝ մայրը կանգնած ա դռան մոտ, ասում ա՝ ծեծում եմ, չեն բացում դուռը։ Հետո փրկարարները եկան ջարդեցին, արդեն երեքն էլ մահացած էին»,- պատմեց նա։
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ վաճառելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը։





























