Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նյութերի հիման վրա հարուցված նոր քրեական գործը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հիշյալ քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նոր անձնագիր ստանալու համար Գյումրի քաղաքի բնակիչ Հակոբ Ղ.-ին անհրաժեշտ է եղել վերականգնել կորցրած զինվորական գրքույկը, որի համար դիմել է ՀՀ ՊՆ Գյումրիի զինվորական կոմիսարիատի պաշտոնյային` մայոր Արտեմ Մ.-ին: Վերջինս, սակայն, տարբեր պատճառաբանություններով ձգձգել է փաստաթղթի տրամադրումը եւ, իբր, գործընթացն արագացնելու համար Հակոբ Ղ.-ից պահանջել 200 ԱՄՆ դոլար կաշառք: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով Արտեմ Մ.-ն կալանավորվել է:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ կաշառք վերցնելու պահանջը ներկայացվել է  ՀՀ ոստիկանության անձնագրային եւ  վիզաների վարչության Գյումրիի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Տիգրան Մ.-ի ներկայությամբ, ով, ի պաշտոնե պարտավոր լինելով կանխել հանցանքն ու մյուս իրավախախտումները, ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Ավելին, չարաշահելով Հակոբ Ղ.-ի վստահությունը, արագ անձնագրավորելու պատրվակով նրանից խաբեությամբ պարբերաբար տարբեր չափերի գումարներ է պահանջել եւ ստացել:

Հաշվի առնելով վերոգրյալը` պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 178-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված նոր քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: