Օրենսդրական բացն է պատճառը, որ խտրականության, ատելության խոսքի արտահայտմանը պատիժ չի հետեւում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Խառնամուսնությունները Հայաստանում եւ հանրության վերաբերմունքը. արձագանքներ Մարաշլյան ֆոտոստուդիայի լուսանկարի շուրջ» թեմայով քննարկման ժամանակ նշել է Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիայի համակարգող Անահիտ Չիլինգարյանը:
Նրա խոսքով, քանի դեռ խտրականության դեմ պայքարին, ատելության խոսքի արգելմանն ուղղված պետական քաղաքականություն եւ օրենք չկա, միշտ ունենալու ենք նման խնդիրներ եւ անպատժելիություն. «Եթե նայենք համացանցը, շատ մարդկանց խոսքում կարող ենք գտնել ատելության խոսքի հատկանիշներ, սակայն որեւէ այսօր այդ մարդկանց չենք կարող պատասխանատվության ենթարկել ատելության խոսք ասելու համար: Դա շատ մեծ վտանգ է եւ վաղը այլ խնդիրների կարող է բերել»:
Չիլինգարյանը նշեց, որ այսօր Խտրականության դեմ պայքարելու համար օրենսդրական նախագիծ մշակվում է, որը «Եվրասիա» հիմնադրամի կողմից ուղարկվել է Արդարադատության նախարարություն: «Արդարադատության նախարարությունից մեզ պատասխանել են, որ այն քննարկման փուլում է եւ նշել, որ առհասարակ քննարկվում է, թե մեզ պե՞տք է առանձին օրենք, թե ոչ. «Թեեւ մենք ունենք միջազգային պարտավորություններ, որոնց համաձայն պետք է ունենանք օրենսդրական պատշաճ կարգավորում: Մենք չենք կարող ունենալ օրենսդրական կարգավորում, առանց առանձին օրենք ունենալու, որովհետեւ պետք է նաեւ ստեղծենք մեխանիզմ, եւ դա պետք է լինի խտրականության դեմ մարմին, որը պետք է իրագործի պետական քաղաքականությունն այս ոլորտում»:




























