Հաշվի  առնելով օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների քանակությունն ու դրանց օտարման հետ կապված փուլային աշխատանքների մեծ ծավալը, Պետական գույքի կառավարման վարչությունում, կառույցի ղեկավարի  հրամանով, դեռեւս անցալ տարվա հուլիսին հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է օպտիմալացված եւ վարչության տնօրինությանը հանձնված՝ օտարման ենթակա տրանսպորտային միջոցների պահառության  եւ օտարման գործընթացներում ծագող խնդիրների կարգավորմամբ:

Այդ խնդիրները վարչության պետ Արման Սահակյանի մշտական օրակարգում են, դրված է  գործընթացի թափանցիկ ու հրապարակային իրականացման, քաղաքացիներին պատշաճ ծառայութունների մատուցման խնդիրը:

Հանձնաժողովին հաջողվել է անցած կես տարում համակարգված աշխատանքով սկզբունքային շատ հարցերի լուծում տալ, իսկ  այսօրվա նիստում ամփոփվել է կատարված հիմնական աշխատանքը:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը ներկայացրել է օտարման ենթակա տրանսպորտային միջոցների պահառության եւ օտարման գործընթացներում իրականացված քայլերը, հատկապես կարեւորել քաղաքացիների հետ տարվող խորհրդատվական աշխատանքը:

Յուրաքանչուր օր թեժ գծով եւ պատասխանատուների հեռախոսահամարներով  ստացվել է շուրջ 30 զանգ: Հարյուրավոր մարդիկ այցելել ու շարունակում են այցելել Վարչություն, Աճուրդի ու պահառության կենտրոններ՝ հետաքրքրող հարցերին տեղում պատասխան ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 5 որոշումներով  սահմանված՝ 464 միավոր տրանսպորտային միջոցներից Պետական գույքի կառավարման վարչության պետի կողմից առայսօր հաստատվել  է շարժական  գույքի աճուրդով оտարման վերաբերյալ   17 հրաման, որոնցով 385 միավոր տրանսպորտային միջոց եւ 3 միավոր կցասարքեր ներկայացվել են օտարման, վաճառվել է 144-ը, վաճառքի գումարը կազմել է 37 508 269 ՀՀ դրամ:

Ներկայացված տրանսպորտային միջոցների 43 տոկոսը վաճառվել է առաջին աճուրդում՝ մրցակցային դաշտում: Վաճառքի կատարման տոկոսը գնահատված արժեքի համեմատ կազմում է 112 տոկոս, առաջիկայում եւս 28 միավոր տրանսպորտային միջոց կներկայացվի աճուրդի:

Զանգվածային լրատվամիջոցները տարբեր մեկնաբանություններով պարբերաբար անդրադառնում են նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, վարչապետերի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպասարկած ծառայողական ավտոմեքենային, ինչի վերաբերյալ տեղեկացնում ենք.

1982թ. արտադրության Mercedes-Benz 500 SEL մակնիշի տրանսպորտային միջոցը առայժմ  չի գնահատվել, քանի որ  Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ (զրահապատ) մեքենաների երկրորդային շուկա գոյություն չունի,որտեղից էլ հնարավոր լինի ձեռք բերել բավարար եւ հավաստի համեմատական տվյալներ: Ներկա պահին ուսումնասիրվում է ԱՊՀ երկրների նմանատիպ մեքենաների երկրորդային շուկան՝   անհրաժեշտ տեղեկությունները  ձեռք բերելու նպատակով:

Հաշվի առնելով տվյալ մեքենայի եզակիությունը, միաժամանակ քննարկվում է արժեքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անմիջապես արտադրողին դիմելու հարցը: