«Նոյեմբերի 5»-ի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը արդեն 18 օր է հացադուլի մեջ է: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, NEWS.am-ին հայտնեց  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից՝ նշելով, որ նրա առողջական վիճակը լավ է, բժիշկների հսկողության տակ:

NEWS.am-ի հետ զրույցւոմ ավելի վաղ Գոռ Ղլեչյանը հայտնել էր, որ Վարդան Վարդանյանն հացադուլով երկրի նախագահից պահանջում է հունվարի 28-ին՝ Բանակի օրվա առթիվ, համաներմամբ ազատ արձակել համաներման սպասող բոլոր բանտարկյալներին։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: