Գազի սակագնի նվազեցումը բնականաբար դրական ազդեցություն կունենա ջերմատնային բիզնեսի վրա: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, Կոտայքի մարզում գործող մի շարք ջերմոցային տնտեսություններ այցելության ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի առաջին կանգառը Գողթ համայնքում էր, որտեղ նա այցելել է «Էկոտոմատո» ՓԲԸ եւ «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ: 

«Էկոտոմատո» ընկերությունը վարդի արտադրության ծավալներով աշխարհի խոշորագույն հինգ ընկերություններից մեկն է, ջերմոցները հագեցած են հոլանդական նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով ու ավտոմատացված կառավարման համակարգերով:

Հիմնադիր Մարկոս Ղարիբյանի խոսքով՝ նպատակ ունեն ընդլայնել ջերմատնային տնտեսությունների տարածքը եւս 15 հեկտարով, որի շնորհիվ ընկերությունը կարող է դառնալ վարդեր աճեցնող աշխարհի ամենախոշոր ջերմատունը: Բացի այդ, ջերմատան տարածքի ընդլայնումը հնարավորություն կտա վարդերի ինքնարժեքը նվազեցնել մոտ 20-22 տոկոսով եւ կրկնապատկել արտահանման ծավալները:

Անդրադառնալով գազի սակագնի իջեցմանը` նա նշել է, որ դա անակնկալ էր իրենց համար, քանի որ էներգակիրները կազմում են  իրենց արտադրանքի ինքնարժեքի մոտ 50 տոկոսը, ուստի  այն եւս կնպաստի վարդերի ինքնարժեքի նվազմանը մոտ 5-6 տոկոսով:

Նշելով, որ «Էկոտոմատո» ընկերությունում 2016 թվականին աճեցվել է մոտավոր հաշվարկներով 19 մլն վարդ, Մարկոս Ղարիբյանը ավելացրել է, որ ընթացիկ տարում ակնկալում է ավելացնել այդ ցուցանիշը: Նրա խոսքով` արտադրանքի 70-80 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս եւ Վրաստան, իսկ մնացածը սպառվում է ներքին շուկայում: Այժմ քայլեր են ձեռնարկվում արտահանումները հոլանդական եւ ֆրանսիական շուկաներ վերսկսելու ուղղությամբ:

Այնուհետեւ նախարարն այցելել է Արամուսում գտնվող միջին հզորության ջերմատուն, զրուցել հիմնադիր Սամվել Թեւոսյանի եւ Քաջիկ Հակոբյանի  հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:    

Այցի շրջանակում նախարար Իգնատի Առաքելյանը եղել է նաեւ Նոր Գեղի համայնքում գտնվող «Պրոգրես ագրո» ընկերությունում, որի հիմնադիր Սամվել Կարապետյանը նշել է, որ ընկերության արտադրանքի մոտ 90 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Լոլիկի բերքատվությունն այստեղ կազմում է 51-52 կգ/քմ, համախառն բերքը տարեկան կազմում է շուրջ 1900 տոննա: Ջերմատանը լոլիկի մշակությունն իրականացվում է հիդրոպոնիկ եղանակով: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ գործարկել եւս 12,2 հա ջերմատուն:

Ամփոփելով այցի արդյունքները` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ մի շարք խոշոր եւ միջին ջերմոցային տնտեսություններում առկա խնդիրներին եւ ընկերությունների ղեկավարների հետ քննարկել գազի սակագնի նվազեցման հնարավոր արդյունքները:

«Հունվարի 1-ից գազի սակագնի նվազեցումը բնականաբար դրական ազդեցություն կունենա ջերմատնային բիզնեսի վրա, քանի որ կառաջանան ազատ շրջանառու միջոցներ, որոնք նրանք կկարողանան ներդնել` ոլորտը զարգացնելու համար», - նշել է Իգնատի Առաքելյանը:

Ընդգծելով, որ ջերմոցային տնտեսությունների ոլորտն ամբողջ աշխարհում գյուղատնտեսության բնագավառի ամենաարագ զարգացող եւ մեծ ներուժ ունեցող ոլորտներից է` նախարարը կարեւորել է պետության կողմից աջակցության ցուցաբերումը: Նախարարը կարեւորել է նաեւ համապատասխան մասնագետների պատրաստումը, ինչին կնպաստի Համաշխարհային բանկի կողմից Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հետ ջերմատների մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:

Իր հերթին Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը նշել է, որ գազի սակագնի նվազեցումը կնպաստի ջերմոցային տնտեսությունների շահութաբերության բարձրացմանը եւ չաշխատող ջերմոցների վերագործարկմանը: Նրա խոսքով` ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը մշակել եւ կառավարության քննարկմանն է ներկայացնելու ծրագիր, որով նախատեսվում է Հայաստանը վերածել ջերմատնային արդյունաբերական երկրի` տեղում համապատասխան սարքավորումներ ու համակարգեր արտադրելու, տեղական սերմն ու տնկանյութը կիրառելու միջոցով, ինչը կնպաստի նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը: