Բրազիլիայում բանտում տեղի է ունեցել վերջին շրջանում արդեն երրորդ խոշոր խռովությունը: Դատապարտյալները գրավել են Նաթալ քաղաքի «Ալկակուզ» բանտը: Ոստիկանության տվյալներով՝ խռովության ընթացքում առնվազն երեք դատապարտյալ գլխատվել է: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Զոհվածների թիվը մեծ է, բայց մենք հիմա չենք կարող բանտ մտնել»,- խոստովանել է Ռիու-Գրանդի-դու-Նորթի նահանգի ուղղիչ համակարգի ղեկավար, ոստիկանության մայոր Վելինգթոն Կամիլոն: Զոհերի թվի մասին ոստիկանությունն առայժմ ճշգրիտ տվյալներ չունի:
Կամիլոն հայտնել է, որ դատապարտյալններից ոչ մեկին չի հաջողվել փախչել: Այժմ ոստիկանները փորձում են ուղղիչ հաստատություն մտնել, որի մոտ են հավաքվել դատապարտյալների տասնյակ ազգականներ:
Անկարգությունները սկսվել են շաբաթ օրը, երբ հզորագույն հանցավոր խմբավորումներից մեկին պատկանող դատապարտյալները բանտի տեղամասերից մեկում հարձակվել են մյուս խմբի վրա: Հնչել են պայթյուններ եւ կրակոցներ:
«Ալկակուզի» անկարգությունները այս տարի Բրազիլիայում գրանցված բանտային երրորդ խոշոր խռովությունն է: Հունվարի սկզբին մոտ 100 դատապարտյալ զոհվել է Ամազոնաս եւ Ռորայմա նահանգների բանտերում տեղի ունեցած բախումների ընթացքում:





























