Ղրղզստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել թուրքական ավիաընկերության Boeing բեռնատար օդանավի կործանման փաստով: Այս մասին ասված է գերատեսչության կայքում:

Դատախազությունում նշել են, որ գործն ուղարկվել է ՆԳՆ՝ հետաքննություն սկսելու նպատակով: Դեպքի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով քննչական-օպերատիվ խումբ է ստեղծվել՝ կազմված ՆԳՆ-ի եւ ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցներից:

Ղրղզստանի գլխավոր դատախազության ղեկավարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին:

Ավիաաղետի զոհերին ցավակցել է նաեւ Turkish Airlines ավիաընկերությունը:

Boeing 747-400 բեռնատար օդանավը կործանվել է հունվարի 16-ի առավոտյան, օդանավակայանի մերձակայքի ամառանոցային ավանում: Վերջին տվյալներով՝ աղետի հետեւանքով 37 մարդ է զոհվել, 32 բնակելի տուն ավերվել է: