Արցախում դեռեւս չպարզված հանգամանքներում հունվարի 16-ին մահացած պայմանագրային զինծառայող Արայիկ Սարգսյանին հուղարկավորել են երեկ՝ հունվարի 18-ին, Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում՝ զինվորական կարգով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ակնաղբյուրի գյուղապետարանից:

Հուղարկավորությանը մասնակցել է նաեւ զորամասի հրամանատարական կազմը:

Արայիկ Սարգսյանը տան ավագ զավակն էր, իրենից փոքր երեք եղբայր եւ քույր ունի: Սարգսյանների ընտանիքը սոցիալապես անապահով է, Արայիկի հայրն Արցախյան ազատամարտի մասնակից է, հաշմանդամ, իսկ մայրն աշխատում է դպրոցում որպես հավաքարար:

Թե ին պայմաններում է Արայիկը զոհվել, հայտնի չէ: Ըստ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության՝ 2017թ. հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: