Հայկական կողմը զբաղվում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով, բայց դժվար է հիմա կանխորոշում տալ, քանի որ հասկանում ենք, որ Ալիեւի ռեժիմը գտնվում է ընդհանրապես միջազգային խաղից դուրս: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ակնհայտ է, որ դա կոպտագույն խախտում է եւ տեղաշարժի իրավունքի, եւ խոսքի ազատության իրավունքի: Համապատասխան արձագանքը կա եւ տարբեր կառույցների, եւ պետությունների, տեսնենք ինչպիսի զարգացում կլինի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2011-2012թթ. Արցախ կատարած այցերից հետո Լապշինը հայտնվել էր Ադրբեջանի «սեւ ցուցակում», սակայն 2016թ. հունիսին նա ուկրաինական անձնագրով այցելել էր Ադրբեջան: Այնուհետեւ նա մի քանի քննադատական հոդված էր հրապարակել այդ երկրի իշխանությունների մասին: Ադրբեջանը միջազգային հետախուզում էր սկսել հայտնի բլոգերի դեմ «Պետական սահմանի մասին» օրենքը եւ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: Նման քրեական գործ է հարուցվում Արցախ այցելած քաղաքացիների դեմ:

Բելառուսի իրավապահները դեկտեմբերի 15-ին ձերբակալել են Լապշինին: Ադրբեջանը պահանջում է իրեն արտահանձնել բլոգերին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեմ է արտահայտվել բլոգերին Ադրբեջանին արտահանձնելուն: Դրան անդրադարձել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը: