Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում Եվրոպայի Խորհրդին հետաքննելու ձայներ գնելու մեղադրանքները: Այս մասին հայտարարություն է տարածել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն շարժման Քարտուղարությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Թրանսփարենսի Ինթերնեշնլը եւ եվրոպական վեցերկրներում նրա պաշտոնական ներկայացուցիչներն այսօր կոչ են արել Եվրոպայի Խորհրդի երեք բարձրագույն պաշտոնակատարներին` հետաքննելու այդ կազմակերպության ներսում առկա կոռուպցիայի վերաբերյալ լուրջ մեղադրանքները եւ հայտնում են իրենց խորին մտահոգությունը Եվրոպայի մարդու իրավունքները պաշտպանող ամենակարեւոր կառույցում արդյունավետ հակակոռուպցիոն ներքին մեխանիզմների ակնհայտ բացակայության կապակցությամբ:
Թրանսփարենսի Ինթերնեշնլը, որը հանդիսանում է աշխարհի ամենամեծ հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունը, պահանջում է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար պարոն Թորնբյորն Յագլանդից սկզբունքային պատասխան Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) առկա կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներին, որոնք վերջերս հնչեցվել են Եվրոպական կայունության նախաձեռնության (ԵԿԽ) կողմից:
Ելնելով իր կողմից իրականացված հետաքննության արդյունքներից` ԵԿԽ-ն պնդում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանն ապօրինի կերպով ազդել է Եվրոպայի Խորհրդի գործունեության եւ մարդու իրավունքների վերաբերյալ քվեարկությունների արդյունքների վրա` ենթադրաբար փոխանցելով ահռելի գումարներ եւ այլ բարիքներ ԵԽԽՎ-ի առանցքային պատգամավորներին:
«Վարքագծի կանոնների խախտումների ցանկացած հետաքննությունը եւ այդպիսի խախտումների հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ որոշումների ընդունումը թողնված է բացառապես Վեհաժողովի նախագահի իրավասությանը եւ գտնվում է պատգամավորների լիակատար հսկողության տակ», - նշվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Քարտուղարության նամակում, որը ստորագրել են նաեւ կազմակերպության վեց երկրներում (Չեխիա, Ֆրանսիա, Իտալիա, Լատվիա, Իսպանիա եւ Մեծ Բրիտանիա) պաշտոնական ներկայացուցիչները:
Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդին, Նախարարների կոմիտեի նախագահ Իոաննիս Կասուլիդիսին եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտ Ֆոնտ դե Մորային ձեռնարկել հետեւյալ կոնկրետ քայլերը.
• Հրապարակավ հանդես գալ խիստ հայտարարությամբ` հաստատելով որ կոռուպցիան տեղ չունի Եվրոպայի Խորհրդում:
• Աջակցել ԵԽԽՎ-ում լավագույն միջազգային չափանիշներին համապատասխանող բարեվարքության հատուկ համակարգի ստեղծմանը, որը կապահովի իր անդամների կողմից էթիկայի բարձրագույն չափանիշներով առաջնորդվելը:
• Այս տիպի հարցերով փորձագետի ղեկավարությամբ ձեռնարկել անկախ հետաքննություն 2013թ. հունվարին ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանում քաղբանտարկյաների վերաբերյալ զեկույցի քվեարկության հանգամանքների եւ ադրբեջանական պատվիրակության անդամների վարքագծի վերաբերյալ:
«Առանձնապես կարեւոր էմշակել վճռական դիրքորոշում քաղբանտարկյալների հարցում սկզբունքայնություն դրսեւորելու վերաբերյալ»:




























