Ապրանքի մթերման հետ կապված խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ներդնել արտադրող-մթերող պայմանագրի մշակույթ: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:
Նրա կարծիքով՝ այժմ գործող կտրոնային համակարգից անցումը պայմանագրային հարաբերություններին կպարտավորեցնի թե՛ գյուղացուն, թե՛ մթերողին:
«Առաջին քայլն այն է, որ գյուղացին և վերամշակող-մթերող կամակերպությունն ունենան փոխշահավետ պայմանագրային պարտավորություն՝ իրավական ուժով, այլապես մենք միշտ պրոբլեմ ենք ունենալու, որովհետև ընկերություններ կան, որ ասում են՝ «ես պայմանագիր չեմ կնքում, դե խաղող ա, կընդունենք»։ Դրա համար էլ խնդիրների առաջ ենք կանգնում»,- մեկնաբանեց Արտակ Սարգսյանը:
Անդրադառնալով այն խնդրին, որ 2015թ. քաղցրաշենցիները խաղող են մթերել, բայց դեռ չեն վճարվել, նա հիշեցրեց, որ այժմ հարցը գտնվում է դատախազությունում, քանի որ նախարարությունն անընդհատ բախվում է այն խնդրին, որ կա՛մ գնորդ չի լինում, կա՛մ հումք:
«Ինչպես գիտեք՝ գործը հանձնվել է իրավապահ մարմիններին, գործը հիմա դատախազությունում է, բայց խաղողագործը ինչքա՞ն կարող է սպասել, նրա մեղքը ո՞րն է: Նախարարությունում պայմանավորվում են, ընկերությունը պարզաբանում է, որ ունի հումք, բայց չի կարող վաճառել, հումքից վերցնում են լաբորատոր փորձաքննություն, պայմանավորվում են գնորդի հետ, որ գումարը վճարվի գյուղացուն, ստացվում է էնպես, որ հումք չի լինում: Էս աբսուրդը արդեն մի քանի անգամ առաջ է եկել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները 2015թ. մթերած բերքի գումարը մինչեւ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ: Միայն քաղցրաշենցիներին այս պահին Վինար ընկերությունը 85 միլիոն դրամ պարտք ունի:



























