Ուկրաիներեն այբուբենը անհրաժեշտ է կիրիլիցայից լատինականի փոխել՝ երկիրը Եվրամիությանը մոտեցնելու եւ Ռուսաստանի հետ կապերը խզելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել կիեւցի լրագրող Ստանիսլավ Ռեչինսկին:
«Հեռանկարում վատ չէր լինի սկզբում կատակով, հետո լրջորեն լատինիցայի անցնել: Որքան ՌԴ-ից շատ տարբերվենք՝ այնքան լավ: Որքան ՌԴ-ից հեռու լինենք՝ այնքան լավ: Այս սերունդն իր ժառանգներին պետք է սահման թողնի, մարտահրավերային խիստ ռեժիմ, «չինական պարիսպ» եւ մոսկվացիների՝ որպես հակաուկրաինական գաղափարախոսության կրողի հանդեպ ատելության հզոր լիցք: Դուք կասեք՝ ատելությունը վատ բան է: Ո՛չ, դա լավ բան է»,- նշել է Ռեչինսկին:
Նրա կարծիքով՝ Ուկրաինան կարող է հեշտությամբ յոլա գնալ առանց Ռուսաստանի հետ մշակութային, սոցիալ-տնտեսական կապերի: «Ներկայիս սերունդի խնդիրն է ժառանգներին «Հեռու Մոսկվայից» հզոր խթան հաղորդել: Եվ պետությունը պահպանել: Մնացած ամեն ինչը երկրորդական է: Մենք ոչինչ չունենք կորցնելու՝ բացի ատելությունից եւ երկրից»,- ասել է լրագրողը: Ի դեպ, գրառումը ռուսերեն է կատարվել:





























