Աստանայում Սիրիայի կառավարության եւ զինված ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը կոչված է ճգնաժամի քաղաքական կարգավորման նպատակով միջսիրիական բանակցային գործընթացի շարունակմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Օրերս Աստանայում տեղի ունեցավ Սիրիայի կառավարության եւ զինված ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը, որի արդյունքներն ուղղված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերին համապատասխան ճգնաժամի քաղաքական կարգավորմանը նպաստելուն»,- նշել է նա:
Նախարարը ուշադրություն է դարձրել, որ Ռուսաստանը մեծացնում է «Թուրքիայի, Իրանի եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ փոխգործակցությունը՝ Սիրիայի ճգնաժամի սուր խնդիրները լուծելու համար»: «Համաձայնեցված ջանքերի շնորհիվ, առաջին հերթին՝ ռազմական գերատեսչությունների, հաջողվել է Հալեպն ազատագրել ծայրահեղականներից, այնուհետեւ անցյալ տարվա դեկտեմբերի 29-ի համաձայնագրի հիման վրա ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմ հաստատել»,- հավելել է նա:
«Ահաբեկչության դեմ պայքարն անհնար է առանց Մերձավոր Արեւելքում կայունության, առանց հակամարտությունների գործուն, խաղաղ լուծման, լինի դա Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եմենում»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:




























